ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար
Սեյրան Մուշեղի Օհանյանին
Էլ. փոստ hayastandashink@parliament.am
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար
Հայկ Ռուբենի Մամիջանյանին
էլ. փոստ pativunem@parliament.am
ՀՀ ԱԺ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար
Հայկ Արսենի Կոնջորյանին
էլ. փոստ civilcontract@parliament.am
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական
գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով
քննիչ հանձնաժողովի նախագահ
Անդրանիկ Գրիգորի Քոչարյանին
Էլ. հասցե՝andranik.kocharyan@parliament.am
Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0095
Մարշալ Բաղրամյան 19
Պարոն Օհանյան
2022 թվականի փետրվարի 10-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ստեղծվել է «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների (44 օրյա պատերազմի) հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ԱԺ քննիչ հանձնաժողով, որի նպատակն էր բացահայտել.
«1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալները, պատճառներն ու պայմանները, պատերազմի ժամանակագրությունը, հայկական կողմի կրած կորուստները,
2. Արձանագրված անհաջողությունների քաղաքական եւ ռազմական պատճառները եւ դրանց նպաստող պայմանները,
3. Պաշտպանության ոլորտի ղեկավարման եւ կառավարման համակարգը, պատերազմին նախորդող ժամանակահատվածում պաշտպանության ոլորտում սահմանված նախապատրաստական գործողությունների ընթացքը,
4. Զինվորական ղեկավար մարմինների ու պաշտոնատար անձանց գործողությունների, ընդունված որոշումների օպերատիվությունը, դրանց համապատասխանությունը եւ համարժեքությունը ստեղծված օպերատիվ ռազմական իրավիճակին,
5. Ռազմական գործողությունների ընթացքում եւ դրանից հետո հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների ուսումնասիրություն,
6. Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կրման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն,
7. Բանակցային գործընթացը, 44-օրյա պատերազմի ավարտը:
Երկու անգամ՝05.10.2022թ. եւ 03.05.2023թ. Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է։
Հանձնաժողովը ստեղծվել է իրավունքի ուժով, քանի որ ՀՀ Սահմանադրության 108- րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, այն ուներ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակ։
2025թ. սեպտեմբերի 3-ին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է Ազգային Ժողովի նախագահին, եւ նախատեսում էր զեկույցը հրապարակել 2025թ. սեպտեմբերի 27-ին հաջորդող լիագումար նիստում, սակայն 2025թ. հոկտեմբերի 6-ին հայտարարվեց, որ 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հանրայնացվի, քանի որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է, որ լիագումար նիստ մտցնելու իրավական հիմքեր չկան եւ այն ուղարկել խորհրդարանի առաջին (գաղտնի) բաժին:
Գտնում ենք, որ որեւէ մեկը, նույն թվում եւ Ազգային ժողովի նախագահը, չի կարող (իրավունք չունի) արգելելու զեկույցի հրապարակումը՝ հետեւյալ պատճառաբանությամբ.
1. Համաձայն 1990թ. օգոստոսի 23-ի ՀՀ Անկախության հռչակագրի՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:... Այսինքն՝ ՀՀ անկախ պետականության հիմքերից մեկը Արցախի՝ Մայր Հայաստանին վերամիավորվելու որոշումն է; Ուստի, Արցախում ու Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների բացահայտումը Հայաստան պետության պարտականությունն է։ 2. ՀՀ Սահմանադրության նախաբանը սահմանում է. Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: |
2.1. Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: |
Այսինքն՝ ՀՀ իշխանատեր ժողովուրդն իրավասու է իմանալու, թե ինչո՞ւ է իր Հայրենիքը մասնատվել, ո՞րն է պարտության պատճառը, որքա՞ն մարդկային կորուստ է տվել երկիրը, որտե՞ղ են անհետ կորածները, ինչպես նաեւ՝ պահանջելու, որ բացահայտվեն ու պատասխանատվության կանչվեն բոլոր մեղավորները։ Սահմանադրության հիմքը Անկախության հռչակագիրն է, ուստի Սահմանադրությամբ եւս ամրագրված է Արցախի՝ Հայաստան լինելու հանգամանքը։ 3. 2021 թվականի օգոստոսի 26-ի Ազգային ժողովի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած կառավարության ծրագրի համաձայն. 1.2. Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների եւ տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: |
● Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում: Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար: Այս նպատակներին Կառավարությունը հասնելու է Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաեւ Արցախի հետ գործակցության նոր ձեւաչափերի ստեղծման միջոցով:
● Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը եւ շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
● Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարեւորություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացումը:
Այսինքն՝ Ազգային ժողովը, ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի ուժով պարտավոր է կառավարությունից պահանջել ծրագրի կատարումը։ Ուստիեւ քննիչ հանձնաժողովի զեկույցից պարզ կդառնար կառավարության կողմից իր պարտականությունները չկատարելու պատճառները։
4. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի համաձայն. Քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները:
4.1. Նույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն. քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են՝
1) Ազգային ժողովի նիստում նրա զեկույցի քննարկումն ավարտվելու պահից.
2) հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում, եթե մինչ այդ զեկույցը չի ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը:
Ինչպես երեւում է վերոգրյալ նորմերից, ներկայացված զեկույցը չհրապարակելու ու չքննարկելու հիմքեր օրենսդիրը չի նախատեսել։
5. 2022 թվականի ապրիլի 7-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ կից Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության N 462-Լ որոշմամբ անդրադարձ է կատարվել վերոգրյալ Օրենքի նախագծին եւ առաջարկելով ձեռնպահ մնալ նախագծերի փաթեթի ընդունումից, ըստ էության, կառավարությունը հիմնավորել է քննիչ հանձնաժողովի գործունեությունը եւ չի առարկել հանձնաժողովի գործունեության արդյունքների հրապարակելուն։
6. ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի համաձայն.
1. Յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու եւ փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:
2. Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:
6.1. ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.
2. Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
Այսպիսով, գտնում ենք, որ 44-օրյա պատերազմի եւ դրա հետեւանքների վերաբերյալ ուսումնասիրություն կատարած հանձնաժողովի զեկույցը պետք է հրապարակվի, քանի որ
ա/ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է իրավունքի ուժով,
բ/ զեկույցում պետք է որ ներկայացված լինեն հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստեր,
գ/ հանրային շահերից է բխում զեկույցի հրապարակումը։
7. ՀՀ Սահմանադրության 53-րդ հոդվածի համաձայն. Յուրաքանչյուր ոք ունի անհատապես կամ այլոց հետ մեկտեղ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հանրագիր ներկայացնելու եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք:
7.1. «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն. երկու եւ ավելի անձանց կողմից միեւնույն հարցով հանրային նշանակություն ունեցող հարցերով ներկայացվող գրությունը կամ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդումը կամ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավման, տնտեսական, քաղաքական, սոցիալական եւ հասարակական կյանքի այլ ոլորտների վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկությունը կոչվում է կոլեկտիվ հանրագիր։
Ելնելով վերոգրյալից, ներկայացնում ենք ձեզ սույն հանրագիրը եւ առաջարկում.
- Ազգային ժողովում բարձրացնել «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու հարցը. պահանջել ԱԺ նախագահից վերացնելու իր կարգադրությունը՝ զեկույցը գաղտնագրելու վերաբերյալ եւ հանրայնացնել հանձնաժողովի զեկույցը։
Ձեր կողմից սույն պահանջներին դրական ընթացք չտալը կամրապնդի հանրության մեջ տարածված կասկածը առ այն, որ իրականացվում է հանցագործությունները կոծկելու քաղաքականություն։
Կոլեկտիվ հանրագիր ներկայացնողներ՝
«Լույսի Ճրագ» ՀԿ նախագահ Արսեն Ղուկասյան
«Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական, քաղաքական գործիչ Գեւորգ Գեւորգյան
«Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյան
համակարգող Միքայել Մարգարյան
փաստաբան Հարություն Բաղդասարյան
Նամակագրության հասցե՝ք. Երեւան, Հս/Ամտ Վ-3, տ 106
հեռ. 093-144-282, 095 522-111
harutyunbaghdasaryan.adv@gmail.com
| Attachment | Size |
|---|---|
| դիմում-Սեյրան-Օհանյանին.pdf | 245.25 KB |