1
ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ Արտոնագիր 707 CHAMBRE DES AVOCATS DES LA RA CHAMBER OF ADVOCATES OF RA ք. Երևան, Հս/Ամտ Վ-3, տ 106 harutyunbaghdasaryan.adv@gmail.com
09.04.2026թ. 019/Դ-26 հեռ. 091-82-44-78 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Գրիգորի Քոչարյանին Էլ. հասցե՝ andranik.kocharyan@parliament.am Պատճենը՝ ՀՀ ԱԺ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Արսենի Կոնջորյանին էլ. փոստ civilcontract@parliament.am
Պատճենը՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Ռուբենի Մամիջանյանին էլ. փոստ pativunem@parliament.am Պատճենը՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Մուշեղի Օհանյանին Էլ. փոստ hayastandashink@parliament.am Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0095 Մարշալ Բաղրամյան 19
Հարգելի պարոն Քոչարյան
2026 թվականի ապրիլի 7-ին ստացել ենք ձեր գրությունը, համաձայն որի մեր ներկայացրած սույն պահանջագիրը չի համապատասխանում հանրագրի պահանջներին։ Ուստի, սույնով հաստատում եմ մեր նախկին գրությունը և պահանջը կրկին ներկայացնում՝ դիմումի տեսքով։ 2022 թվականի փետրվարի 10-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ստեղծվել է «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների (44 օրյա պատերազմի) հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ԱԺ քննիչ հանձնաժողով, որի նպատակն էր բացահայտել․ «1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալները, պատճառներն ու պայմանները, պատերազմի ժամանակագրությունը, հայկական կողմի կրած կորուստները, 2. Արձանագրված անհաջողությունների քաղաքական և ռազմական պատճառները և դրանց նպաստող պայմանները, 3. Պաշտպանության ոլորտի ղեկավարման և կառավարման համակարգը, պատերազմին նախորդող ժամանակահատվածում պաշտպանության ոլորտում սահմանված նախապատրաստական գործողությունների ընթացքը, 4. Զինվորական ղեկավար մարմինների ու պաշտոնատար անձանց գործողությունների, ընդունված որոշումների օպերատիվությունը, դրանց համապատասխանությունը և համարժեքությունը ստեղծված օպերատիվ ռազմական իրավիճակին,
2
5. Ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների ուսումնասիրություն, 6. Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կրման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն, 7. Բանակցային գործընթացը, 44-օրյա պատերազմի ավարտը:»: Երկու անգամ՝ 05.10.2022թ․ և 03.05.2023թ․ Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է։ Հանձնաժողովը ստեղծվել է իրավունքի ուժով, քանի որ ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, այն ուներ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակ։ 2025թ․ սեպտեմբերի 3-ին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է Ազգային Ժողովի նախագահին, և նախատեսում էր զեկույցը հրապարակել 2025թ․ սեպտեմբերի 27-ին հաջորդող լիագումար նիստում, սակայն 2025թ․ հոկտեմբերի 6-ին հայտարարվեց, որ 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հանրայնացվի, քանի որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է, որ լիագումար նիստ մտցնելու իրավական հիմքեր չկան և այն ուղարկել խորհրդարանի առաջին (գաղտնի) բաժին: Գտնում եմ, որ որևէ մեկը, նույն թվում և Ազգային ժողովի նախագահը, չի կարող (իրավունք չունի) արգելելու զեկույցի հրապարակումը՝ հետևյալ պատճառաբանությամբ․ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի համաձայն․ Քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաև դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները: Նույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն․ քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են՝ 1) Ազգային ժողովի նիստում նրա զեկույցի քննարկումն ավարտվելու պահից. 2) հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում, եթե մինչ այդ զեկույցը չի ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը: Ինչպես երևում է վերոգրյալ նորմերից, ներկայացված զեկույցը չհրապարակելու ու չքննարկելու հիմքեր օրենսդիրը չի նախատեսել։ Ուստի դիմում եմ Ձեզ՝ նաև այս հարցերի պարզաբանումը ստանալու ակնկալիքով․ - Արդյո՞ք հանձնաժողովի զեկույցը չի ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը, - Եթե ներկայացվել է, ապա արդյո՞ք լիազորությունների ժամկետում է այն ներկայացվել, - Եթե ժամկետանց չի ներկայացվել, ապա ո՞րն է զեկույցը չհրապարակելու ու չքննարկելու իրավական հիմքը։ Միաժամանակ հայտնում եմ, որ «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն․ 1. Հանրագիր ներկայացնելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք: 3. Հանրագիրը ներկայացվում է գրավոր` թղթային (առձեռն կամ փոստով) կամ էլեկտրոնային եղանակով:
3
4. Հանրագիրը ներկայացվում է հայերեն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: 7. Հանրագիրը ներկայացվում է այն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց, որոնց իրավասություններին վերաբերում են հանրագրով առաջադրված հարցերը: 12. Անկախ հանրագիրը հետ վերցնելու կամ կոլեկտիվ հանրագրից հրաժարվելու մասին դիմումից` հանրագիրը ենթակա է քննարկման, եթե հանրագրի քննարկումն էական նշանակություն ունի հանրային շահերի պաշտպանության տեսանկյունից: Ուստի, գտնում եմ, որ անկախ այն հանգամանքից, թե մեր հանրագիրը հասցեագրված չի եղել ԱԺ նախագահին (հանրագիրն ուղարկված է եղել ձեզ՝ որպես պաշտոնատար անձինք, որոնց իրավասություններին վերաբերել են հանրագրով առաջադրված հարցերը), հանրագիրը ենթակա էր քննարկման, քանի որ հանրագրի քննարկումն էական նշանակություն ունի հանրային շահերի պաշտպանության տեսանկյունից Այսպիսով, գտնում եմ, որ նախկինում ուղարկված կոլեկտիվ հանրագիրը (դիմումը) պետք է քննարկվի ոչ թե «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 123․1-րդ հոդվածի դրույթներով, այլ համաձայն «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջների։ Եւ, մեկ անգամ ևս պնդում եմ, որ 44-օրյա պատերազմի և դրա հետևանքների վերաբերյալ ուսումնասիրություն կատարած հանձնաժողովի զեկույցը պետք է հրապարակվի, քանի որ ա/ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է իրավունքի ուժով, բ/ զեկույցում պետք է որ ներկայացված լինեն հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստեր, գ/ հանրային շահերից է բխում զեկույցի հրապարակումը։ Ելնելով վերոգրյալից, ներկայացնում եմ ձեզ սույն պահանջագիրը և առաջարկում․ - Ազգային ժողովում բարձրացնել «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի» զեկույցը հրապարակելու հարցը․ պահանջել ԱԺ նախագահից վերացնելու իր կարգադրությունը՝ զեկույցը գաղտնագրելու վերաբերյալ և հանրայնացնել հանձնաժողովի զեկույցը։ Ձեր կողմից սույն պահանջներին դրական ընթացք չտալը կամրապնդի հանրության մեջ տարածված կասկածը առ այն, որ իրականացվում է հանցագործությունները կոծկելու քաղաքականություն։
Հարգանքով՝
փաստաբան Հարություն Բաղդասարյան